ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունեց ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն և հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։
Վահե Ղազարյանը կարևորեց ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում դեռևս 2003 թվականից Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունը:
Նա հանգամանորեն ներկայացրեց նաև ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները։
Լորա Քելլին բարձր գնահատեց արդեն իսկ ձևավորված համագործակցությունը, ողջունեց իրականացվող բարեփոխումները և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեց։
Կողմերը քննարկեցին թմրաշրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության աշխատանքները։
Անդրադարձ եղավ նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքներին:
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրեց ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ աղետների ռիսկերի կառավարման թեմային:
Խոսեց աղետների վաղ ազդարարման, արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և, ընդհանուր առմամբ, աղետների ռիսկի ողջ ցիկլի կառավարման խնդիրներից:
Նշեց նաև, որ այդ ուղղությամբ քննարկումներ են եղել USAID-ի հետ, ինչի արդյունքում նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարություն:
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել և ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը։




























