«Թող քիչ զարմանան, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է քաղաքականությամբ: Այն մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել բիզնեսում, որեւէ խնդիր չունեն, այո, կարող են եւ պետք է զբաղվեն քաղաքականությամբ»,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ դրանից մի քանի րոպե առաջ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել էր, թե զարմանում , որ մամուլն ու հասարակությունը անտարբեր լռությամբ անդրադարձան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հենց գործարարները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, քանի որ այդ հայտարարությունը հակասում է սահմանադրությանը:

«Պարոն Ծառուկյանը հրաշալի գիտի մեր Սահմանադրությունը, գիտի, որ ձեռներեցն իրավունք չունի լինել պատգամավոր, այնպես որ „Ժառանգությանը“ խորհուրդ կտամ զբաղվել ներքին խնդիրներով, այլ ոչ թե սեփական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար անընդհատ փորձել բառերից կառչել եւ կոնտեքստից կտրված հայտարարություններ ու մեկնաբանություններ անել»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Լրագրողները տեղեկացրին, որ նույն Լարիսա Ալավերդյանը կուսակցական ներքին խնդիրների մասով էլ ասել էր, որ ԲՀԿ-ում էլ կան այդպիսի խնդիրներ, մասնավորապես կապված ԲՀԿ պատգամավորներից մեկի վարքի հետ: Խոսքը վերաբերում է Կարո Կարապետյանին, ով մի քանի օր առաջ օրը ցերեկով երկու անգամ կրակել էր մի քաղաքացու վրա, ով վիրահատվել է:

Այս առնչությամբ Ն. Զոհրաբյանն ասաց. «Դա բացարձակապես ներքին խնդիր չէ, դա միջադեպ է, որը տեղի է ունեցել: Գործն իրավապահների վարույթում է, եւ դա չի կարող կուսակցության հետ կապված այն ներքին խնդիրը լինել, որ ակնարկում է „Ժառանգությունը“: Ներքին խնդիրը իրենց ներսում է, որն արդեն, չգիտեմ, թե ինչի է վերածվում»:

Ինչ վերաբերում է նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո հայ գործարարները, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը, կարող են Արեւմտյան Հայաստանում հողեր գնել, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Եթե դա թողնվի Գագիկ Ծառուկյանի հայեցողությանը, նա կգներ ամբողջ Արեւմտյան Հայաստանը»: