Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժումն այս շաբաթ Ղանդահար նահանգում հումանիտար կազմակերպությունների աշխատակցուհիներին հրամայել է դադարեցնել աշխատանքը փախստականներին օգնության նախագծերում, ինչը խստացնում է այն կանոնները, որոնք կանանց արգելում են աշխատել, չնայած այն բացառություններին, որոնց մասին խնդրում են որոշ կազմակերպություններ, տեղեկացրել է Reuters-ը։

Ղանդահարում, որը «Թալիբանի» պատմական կենտրոնն է, փախստականների գործերով նախարարության բաժինների միջեւ նամակում նշվել է, որ հումանիտար կազմակերպությունները խախտել են հրամանները փախստականների հետ աշխատանքի ժամանակ Սփին Բոլդակ քաղաքում, որը սահմանակից է Պակիստանին։

Նամակը, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, հաստատվել է նահանգապետի մամուլի քարտուղարի կողմից։

«Բոլոր գործընկերային կազմակերպությունները, որոնք աշխատում են փախստականների գործերով վարչությունում եւ Սփին Բոլդակ հայրենադարձության հարցերով... պետք է իրենց կին գործընկերներին խնդրեն աշխատանքի չգալ եւ մնալ տանը մինչեւ հետագա ծանուցում»,- նշված է նամակում։

ՄԱԿ հումանիտար գործունեության համակարգման գրասենյակի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կազմակերպությունը տեղյակ է կարգադրությանը եւ խնդրում է պարզաբանել իրավիճակը։

Աֆղանստանի ներկա իշխանությունները խիստ սահմանափակել են կանանց իրավունքները կրթության եւ աշխատանքի իրավունքի ոլորտներում, ինչն առաջացրել է միջազգային կազմակերպության վրդովմունքը։