42-ամյա հոլանդացի Յակոբ Մեյերը 2007 թվականից համագործակցել է սերմնահեղուկի 11 բանկերի հետ ամբողջ աշխարհում։ Դրանցից յուրաքանչյուրում նա թաքցրել է, որ աշխատում է այլ բանկերի հետ։ Արդյունքում՝ տղամարդու գնահատմամբ, մոտ 550 երեխա ունի ամբողջ աշխարհում՝ 375 երեխա Նիդեռլանդներում, 80 Գերմանիայում, 35 Բելգիայում, ինչպես նաեւ մի քանիսը Ֆրանսիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Արգենտինայում եւ Ավստրալիայում։ Նրանցից շատերի հետ նա կապ է պահպանում։
BILD-ի հարցազրույցում հոլանդացին պատմել է, որ վերջերս Հաագայի քաղաքացիական դատարանն արգելել է նրան շարունակել այդ գործունեությունը՝ 100 000 եվրո տուգանքի սպառնալիքով։ Որպես հայցվոր հանդես է եկել մայրերից մեկը։ Կինը կարծում է, որ տղամարդը խիստ բարձրացրել է Նիդեռլանդներում մերձավոր ազգականների ամուսնությունների վտանգը։
Մեյերը համաձայն չէ դատավճռին եւ մտադիր է շարունակել իր գործը։ Նրա նպատակը 1 000 երեխա ունենալն է։ Այսպիսով, նա կարող է դառնալ պատմության մեջ երկրորդ բազմազավակ հայրը Չինգիզ խանից հետո։ «Այո, ես ստել եմ կանանց։ Դա ճիշտ չէր։ Բայց ես ուզում էի օգնել նրանց»,- ասել է հոլանդացին BILD-ի հարցազրույցում։ Նա ինքը բազմազավակ ընտանիքից է, ունի յոթ քույր եւ եղբայր։ «Ես ուզում եմ ստեղծել սեփական ընտանիքս, երազում եմ հինգ երեխայի մասին»,- ասել է նա։



























