Հին վիրավորանքների, ՌԴ պաշտպանության նախարարության՝ որոշ պարտավորությունների չկատարման, թիկունքային տեղակայման վայրերին «հարվածների», պաշտոնյաների կաշառակերության թեմաներով շահարկումները որեւէ քննադատության չեն դիմանում: Ակնհայտ է, որ սա լավ մտածված եւ ծրագրված գործողություն է, որի նպատակը երկրում իշխանությունը զավթելն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով, «ռազմական խռովություն կազմակերպած անձանց գործողությունները ամբողջությամբ տեղավորվում են լավ մտածված եւ ուղղորդված պետական հեղաշրջման սխեմայում»:
Նա նաեւ չի բացառել, որ օտարերկրյա մասնագետները նույնպես մասնակցել են խռովության բարձրացմանը:
«Մենք հասկանում ենք, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ խոշորագույն միջուկային տերությունում պետական հեղաշրջումը: Նման ճգնաժամը ակնհայտորեն չի սահմանափակվում միայն մեկ երկրի շրջանակով: Աշխարհը կհայտնվի ոչնչացման եզրին: Մենք թույլ չենք տա, որ իրադարձությունները զարգանան այս սցենարով»,- հայտարարել է Մեդվեդեւը:
ՌԴ արտգործնախարարության հայտարարությունում նշվում է. «Ռուսաստանում տեղ գտած զինված հեղաշրջման փորձը, դավադիրների արկածախնդիր նկրտումներն ուղղված են Ռուսաստանում դրության ապակայունացմանը, միջազգային անվտանգությունն ապահովելու ՌԴ ջանքերի խափանմանը։ Այդպիսով, խռովությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին: Նախազգուշացնում ենք արեւմտյան երկրներին՝ խուսափել սեփական հակառուսական նպատակներին հասնելու համար Ռուսաստանի ներքին իրավիճակի հնարավոր օգտագործման ցանկացած ակնարկից: Հատուկ ռազմական գործողությունների բոլոր նպատակներն ու խնդիրները կկատարվեն: Բարձր ենք գնահատում այս սկզբունքային դիրքորոշման ըմբռնումը մեր դաշնակիցների եւ օտարերկրյա գործընկերների կողմից, ինչն այժմ լիովին զգում ենք»:


























