«Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հիբաթուլլա Ախունդզադան կիրակի հրապարակել է հաղորդագրություն, որում պնդել է, որ իր կառավարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Աֆղանստանում կանանց կյանքի բարելավման համար, հայտնում է Associated Press-ը:
Հիբաթուլլա Ախունդզադայի հայտարարությունը տարածվել է Իդ ալ-Ադհա (Կուրբան բայրամ) տոնի նախօրեին, որն այս շաբաթավերջին նշվելու է Աֆղանստանում եւ այլ իսլամական երկրներում:
Իսլամի գիտակ Ախունդզադան հազվադեպ է հայտնվում հասարակության առջեւ եւ Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգի սահմանները չի լքում: Նա իրեն շրջապատում է այլ կրոնական գիտնականներով եւ աջակիցներով, որոնք դեմ են կանանց կրթությանը եւ աշխատելուն:
Իր ուղերձում Ահունդզադան հայտարարել է, որ Իսլամական էմիրության կառավարման ընթացքում հատուկ միջոցներ են ձեռնարկվել ավանդական շատ ճնշումներից կանանց փրկելու համար, ներառյալ հարկադիր ամուսնությունները, «եւ շարիաթով սահմանված նրանց իրավունքները պաշտպանվել են»:
Բացի այդ, «անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել հասարակության կեսը կազմող կանանց դրությունը բարելավելու ուղղությամբ, որպեսզի ապահովվի նրանց հարմարավետ եւ բարեկեցիկ կյանքը` իսլամական շարիաթի համաձայն»,- նշել է «Թալիբանի» գերագույն առաջնորդը:
Հաղորդագրությունը տարածվել է հինգ լեզվով` արաբերեն, դարիերեն, անգլերեն, փուշտուերեն եւ ուրդուերեն:
Ախունդզադան ասել է, որ շուտով կավարտվեն հիջաբ կրելու եւ «սխալ պահվածքի» հետ կապված նախորդ 20-ամյա օկուպացիայի բացասական կողմերը:
«Կնոջ, որպես ազատ եւ արժանավոր մարդու կարգավիճակը վերականգնված է, եւ բոլոր հաստատությունները պարտավոր են օգնել կանանց ամուսնության, ժառանգության եւ այլ իրավունքների պահպանման հարցում»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ «Թալիբանը», որն Աֆղանստանում խլել է իշխանությունը արեւմտյան զորքերի դուրսբերումից հետո, զգալիորեն սահմանափակել է կանանց իրավունքները կրթության եւ կարիերայի ոլորտներում:



























