Հոնդուրասի կառավարությունը կիրակի  պարետային ժամ է հայտարարել հյուսիսային երկու քաղաքում այն բանից հետո, երբ երկրում բռնության մթնոլորտում գիշերային առանձին հարձակումների հետևանքով 22 մարդ էր գնդակահարվել, տեղեկացնում է  Reuters-ը։

Շաբաթ երեկոյան զինված մարդիկ կրակ են բացել Չոլոմա քաղաքի բիլիարդի սրահներից մեկում՝ սպանելով 11 մարդու և ծանր վիրավորելով ևս 3-ին, գործակալությանն է հայտնել ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էդգարդո Բարաոնան։

Պաշտոնական աղբյուրը Reuters-ին է հայտնել շաբաթ տարբեր միջադեպերով առնվազն ևս 11 սպանության մասին։

Նախագահ Սիոմարա Կաստրոն հայտարարել է Չոլոմայում երեկոյան 9-ից մինչև առավոտվա 4-ը 15-օրյա պարետային ժամ մտցնելու մասին, որն ուժի մեջ է մտնում անհապաղ, ինչպես նաև Սան-Պեդրո-Սուլայում, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 4-ին։