Ուկրաինայի կառավարությունը երկրի ողջ տարածքում արգելել է անցկացնել զանգվածային միջոցառումներ, ինչը պայմանավորված է 9 շրջաններում հայտարարված կարանտինով եւ «խոզի գրիպ»-ի համաճարակի վտանգով։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Վասիլի Կնյազեվիչը։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կառավարության նիստում հայտարարել 9-ը շրջաներում կարանտին մտցնելու մասին։ Երեք շրջաններում Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի եւ Լվովի, բարձրացվել է համաճարակի շեմը, հարեւան Անդրկարպատյան, Չերնովիցյան, Ռովենսկի, Խմելնիցկի, Վիննիցկի, Վոլինսկի շրջաններում գրանցվել А/H1N1 գրիպով վարակման դեպքեր։ «Բոլոր ինը շրջաններում կարանտին է հայտարարվել»,- հաղորդել է վարչապետը։ Գրիպի դեմ պայքարելու համար հատկացվել է 500 մլն գրիվնա։
Միեւնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վարչապետ Տիմոշենկոյից պահանջել է անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել սուր վարակիչ հիվանդությունների եւ գրիպի համաճարակի տարածումը կանխելու համար։
«Интер» հեռուստաընկերության հաղորդմամբ, թոքերի բորբոքում առաջացնող անհայտ վիրուսից մինչ օրս մահացել է 35 մարդ։ Սակայն այդ թվերն անընդհատ փոփոխվում են եւ, որոշ տվյալներով, հասնում 50-ի։ Ցայտնոտ է սկսվել, ինչը հանգեցրել է որոշ դեղորայքի, այդ թվում՝ նաեւ բինտի դեֆիցիտի։ Որոշ շրջաններում առանց բժշկի ցուցման արգելվել է վաճառել ջերմիջեցնող հաբեր։




























