Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասել է Արեւմտյան Եվրոպա։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փոխանցել է Մեծ Բրիտանիայի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (Met Office) Թվիթերի իր օգտահաշվում։
«Կանադայի անտառային հրդեհների ծուխը Ատլանտյան օվկիանոսով տեղափոխվել է եւ այժմ արբանյակային լուսանկարներում երեւում է Արեւմտյան Եվրոպայում»,- նշվել է ծառայության հաղորդագրությունում։
Ծուխը մթնոլորտում բավական բարձր է, եւ այդ պատճառով դա կարող է վառ արեւածագերի եւ մայրամուտների պատճառ դառնալ առաջիկա մի քանի օրերին, նշվել է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Կանադայի հանրային անվտանգության նախարար Բիլ Բլերը խոստովանել էր, որ Կանադայում հրդեհների հետ կապված իրավիճակը ամենավատն է այս հարյուրամյակում։ Նրա խոսքով՝ մոտ 5 հազար մասնագետներ աշխատում են հրդեհները մարելու համար տարբեր նահանգներում, ներառյալ Ալբերտուն, Քվեբեկը եւ Նոր Շոտլանդիան, երկրում ավելի քան հազար «հրշեջ միջազգային միջոցներ կան»։
Անտառային հրդեհները մոլեգնում են Կանադայում վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Դրանք ընդգրկել են միանգամից մի քանի շրջաններ, գրանցվել են ավելի քան 400 օջախներ, դրանցից ավելի քան 200-ը առայժմ չի հաջողվում վերահսկել։




























