Երեւանում, սեպտեմբերի 23-ին, Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված հանցախմբի գործով, մեր տեղեկություններով, ձերբակալվել է եւս մեկ անձ: Այս առնչությամբ փորձեցինք մանրամասներ լսել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից:
Վերջինս նախ փորձեց ճշտել, թե ինչո՞ւ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետից չենք ճշտում մանրամասները, այլ իրենից, ապա շարունակեց.
«Ինֆորմացիա չկա, ես նման բան չեմ լսել, խումբը առանձին աշխատում է, երեկվա դրությամբ ես նման բան չեմ լսել»:
Մեր դիտարկմանը, թե խոսքն այսօրվա մասին է, ասաց. «Թե էսօր ինչ-որ մի բան եղել է, ես դրսում եմ, չեմ լսել, բայց մինչեւ երեկ նման բան չեմ լսել»: Իսկ հարցին, թե, ընդհանրապես, գործով ի՞նչ նոր զարգացումներ կան, մասնավորապես ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու առնչությամբ, որին բերման էին ենթարկել վնասազերծման օրը եւ մեկ օրից ազատ արձակել, Նազարյանը ասաց, որ նա հարցաքննվելուց հետո բաց է թողնվել, այլ բան տեղի չի ունեցել: «Իրա հետ կապված ընդհանրապես խնդիր չկա»,-վստահեցրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները:




























