Շվեդիան կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի առաջադրած բոլոր պահանջները, երեքշաբթի հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը, հայտնում է Reuters-ը։
Բիլստրյոմը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ «Ահաբեկչության մասին» նոր օրենքի ներդրմամբ Շվեդիան բավարարել է դաշինքին միանալու վերջնական պահանջները, որոնք ամրագրված են Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև եռակողմ համաձայնագրով։
«Վերջերս Շվեդիայում ուժի մեջ է մտել նոր օրենսդրություն, որն անօրինական է դարձնում ցանկացած մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը», - ասել է Բիլստրյոմը, - Այսպիսով, մենք կատարում ենք մեր համաձայնագրի վերջին մասը»:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ անդամներն են, որոնք արգելափակում են Շվեդիայի մուտքը դաշինք։ Թուրքիայի հիմնական պնդումը կապված է Շվեդիայում «ահաբեկիչների» առկայության հետ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի դեռ Ստոկհոլմը «շարունակում է թույլ տալ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների ճյուղերն ազատորեն շրջեն Շվեդիայում՝ Ստոկհոլմի փողոցներում, մենք չենք կարող բարեհաճորեն նայել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»:





























