Թերթը գրում է, որ վերջին օրերին Երեւանում վնասազերծված աղմկահարույց զինված բանդայի համապատկերում անդրադառնալով այս բնույթի հանցագործություններին, ակնհայտ է դառնում, որ ավազակային հարձակումները, վերջին շրջանում լայն տարածում ստացած լինելով, միաժամանակ իրավապահների ուշադրության կենտրոնում են, իսկ այս համատեքստում քիչ չեն նաեւ բացահայտված գործերը: Ահավասիկ, դրանցից մեկը:
Հստակ դերաբաշխում կատարելով, 2009-ի դեկտեմբերին արդեն իսկ Երեւանի տարբեր վարչական տարածքներում երեք ավազակային հարձակումները հաջողությամբ իրականացրած հանցավոր խումբը 2010թ. հունվարի 16-ին, ժամը 22։15-ին սկսում է նոր օպերացիա:
Այս անգամ թիրախը «Արայ» ՍՊԸ սեփականատեր Արմեն Պետրոսյանին պատկանող Երեւան քաղաքի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 101 տունն էր, որի շրջակայքը եւ տնեցիների ելումուտը հանցագործները նախօրոք արդեն մի քանի օր երեկոյան ժամերին հետազոտել էին, ուսումնասիրել` ծրագրելով հանցագործության կատարման մեխանիզմները:
Իսկ դերակատարները երեքն են. հանցագործ խմբի պարագլուխ` այսօր արդեն ամբաստանյալ Կարեն Կարապետյան, նրա հորաքրոջ որդին` ամբաստանյալ Արմեն Մարտիրոսյան, որը հանցագործությունը կատարելիս անչափահաս է եղել, եւ վերջինիս ընկերը` Պետրոս Հակոբյան, որն էլ հենց բռնվել էր հանցանքի վայրում, բացելով մինչ այդ կատարած հանցագործությունների կծիկը...
Պայմանավորվածության համաձայն 2010թ. նշված ժամին Կարեն Կարապետյանն իր ավտոմեքենայով Արմեն Մարտիրոսյանին եւ Պետրոս Հակոբյանին բերել է հիշյալ տան մոտ, որտեղ նրանք հագել են նախապես բերված դիմակները, ձեռնոցները, զինվել կարճացված երկփող հրացանով եւ գազային ատրճանակով, ապա պարսպի վրայով մուտք գործելով բակ, թաքնվել են: Քիչ անց տեսնելով տան անվտանգության աշխատակցին, զենքով հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել` պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ, ապա` գումար պահանջել:
Իսկ երբ ահազանգով «Արայի» տիրոջ տան բակ են եկել ընկերության անվտանգության ծառայության ղեկավարն ու նրա ընկերը, մեր հերոսները նրանց էլ զենքի եւ բռնության սպառնալիքով գետնին են պառկեցրել, ծեծել եւ հափշտակել նրանց մոտ եղած գումարը, հեռախոսները։ Կարծելով, թե տանտերերն են, պահանջել են բացել առանձնատան դռները, ցույց տալ փողի ու զարդերի տեղը: Քիչ անց գալիս են ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները: Հանցագործները կրակելով` փախուստի են դիմում, ոստիկանությունը հետապնդում է...
Ի վերջո ոստիկանների եւ անվտանգության ծառայության աշխատակցի ջանքերով հաջողվում է ձերբակալել Պետրոս Հակոբյանին: Իսկ Կարեն Կարապետյանն ու Արմեն Մարտիրոսյանը կարողանում են ճաղոպրել եւ թաքնվել Գյումրիում, որտեղ էլ նրանց հայտնաբերում եւ ձերբակալում է ոստիկանությունը:
Եվ այսպես. Երեւանի բնակիչ, խմբի կազմակերպիչ Կարեն Կարապետյանի ձեւավորած բանդայի անդամները Բալահովիտից էին, Երեւանին գրեթե անծանոթ: Նկատենք, որ թիրախ առանձնատան կամ բնակարանի բնութագիրը տալը, տեղանքին ծանոթացնելը պարագլխի խնդիրն էր, եւ Կ.Կարապետյանը հանցագործների որջ հանդիսացող յուղման կետից ամեն անգամ մեծ ճանապարհ դուրս եկած պատանի ավազակներին, որոնք, ի դեպ, նախկինում դատապարտված չեն եղել, քրեական անցյալ չեն ունեցել, հանգամանորեն ներկայացնում էր օբյեկտը:
Եթե առաջնորդվենք ժամանակագրությամբ, Կարեն Կարապետյանը սկսում է իր հարեւանից. Կուրղինյան փողոցի (Մալաթիա-Սեբաստիա համայնք) բնակիչներ` ամուսիններ Արսեն Լալայանցից եւ Ելենա Վարդազարյանից, ովքեր, ի դեպ, բազմաբնակարան շենքում են ապրում: Նոյեմբերի 30-ին, ժամը 21։30-ին, Կարեն Կարապետյանը իր անչափահաս ազգականին` Արմեն Մարտիրոսյանին, տրամադրելով գազային ատրճանակ, ուղղորդում է դեպի Լալայանցի բնակարան: Իսկ Ա.Մարտիրոսյանը որոշում է խնդրո առարկա բնակարան մուտք գործել ոչ թե դռնից, այլ տանիքից, քանի որ այն լինելով վերջին` 5-րդ հարկում, թույլ էր տալիս բնակարան մտնել բնակարանի բաց պատշգամբից, բռնվելով տանիքը պահող մետաղյա ձողից եւ ալեհավաքից:
Մի խոսքով, հանցագործը հեշտությամբ մտնում է բնակարանի խոհանոցը, ապա` հյուրասենյակ, ատրճանակով հարձակվում տանտիրոջ անչափահաս աղջիկների վրա: Մոտենում է տանտիրուհուն եւ ասում. «Լավ կանեք առանց աղմուկի փողերը եւ ոսկեղենը արագ բերեք: Հակառակ դեպքում կյանքով կհատուցեք»: Ելենա Վարդազարյանը հասկանալով, որ իրեն եւ դուստրերին վտանգ է սպառնում, միանգամից անկոչ հյուրին ուղեկցում է ննջարան, որտեղից էլ Մարտիրոսյանը հափշտակում է 645 դոլար եւ 1 մլն 764 հազար դրամի ոսկյա զարդեր: Վերցնում է եւ չքվում խավարում, իսկ դրսում` մեքենայի մեջ, սպասում էր հարեւանը: Դե, իսկ հետո հանցակիցները գողացած գումարը հանդիպման արդեն ծանոթ վայրում` յուղման կետում, բաժանում են։
Առաջին օպերացիային հաջորդում է երկրորդը, այս անգամ արդեն` համալրված կազմով, քանի որ Արմեն Մարտիրոսյանն ընկերոջը` Պետրոս Հակոբյանին, առաջարկում է ներգրավվել ավազակային հարձակումներ կատարող խմբի մեջ:
Եվ այսպես. 2009թ. դեկտեմբերից կազմակերպված հանցավոր խումբը հստակ ծրագրով ձեռնամուխ է եղել հաջորդ 3 ավազակային հարձակումներին: Ընդ որում, հետաքրքիր է, որ ամեն անգամ խումբը որպես թիրախ ընտրել է մայրաքաղաքի ամենատարբեր հատվածներում գտնվող առանձնատներ:
Հաջորդ թիրախը Ս.Շահգալդյանին պատկանող Դավիթաշենի Ձոր-1 թաղամասում գտնվող առանձնատունն է: Դեկտեմբերի 12-ին, ժամը 22։00-ին, խմբի 3 անդամները գալով նշված տան մոտ` դիրքավորվում են: Արմեն Մարտիրոսյանն ու Պետրոս Հակոբյանը հագնում են նախապես բերված դիմակները, ձեռնոցները, վերցնում երկփողանի հրացանը եւ ատրճանակը։ Առանձնատան պարսպի վրայով մուտք գործելով բակ` դարան մտնում կաթսայատան մոտ:
Երբ տանտերը ժամը 23-ի մոտակայքում դուրս է գալիս տնից եւ մտնում կաթսայատուն, հանցագործները հրացանով հարվածում են նրա գլխին` պահանջելով փող եւ ոսկեղեն:
Ոչնչի առաջ կանգ չեն առնում մերօրյա ավազակները՝ իրենց առջեւ լինի կին, երեխա թե ծեր, բոլորի հանդեպ բռնություն են գործադրում, տանտիրոջ բերանը կպչուն ժապավենով փակում, կտրում տան հեռախոսագծերը, մի խոսքով, այն ամենը, ինչ տեսել են համապատասխան ֆիլմերում: Ավելին՝ Պետրոս Հակոբյանը նույնիսկ, ձեռքը գցելով սեղանին, վերցնում է դանակը եւ դնելով տանտիրոջ որդու` Մ.Շահգալդյանի պարանոցին, ստիպում հանել փողերը. դատարկում են տան բոլոր անդամների գրպանները, մեքենայի սրահից են գումար հափշտակում, նաեւ զարդեր, բջջային հեռախոսներ, ընդհանուր առմամբ շուրջ 4 միլիոն դրամի գույք:
Ավազակախմբի ուշադրության կենտրոնում հայտնված երրորդ առանձնատունը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում, Լենինգրադյան փողոցում եւ պատկանում է Մանվել Բադալյանին: Ամեն ինչ ծրագրում են ծանոթ սցենարի համաձայն: Դարձյալ պարսպի վրայով բակ են իջնում, թաքնվելով այս անգամ` ավտոտնակում: Եվ երբ ժամը 23-ին տանտիրուհին անչափահաս դստեր հետ դուրս է եկել բակ, հետո ցանկացել է տուն մտնել, դարանակալած ավազակները հարձակվել են նրանց վրա` հրմշտել են, զենքի գործադրմամբ բռնություն կիրառել, սպառնացել: Շրջելով տան բոլոր սենյակներով` հափշտակել են շուրջ 11 միլիոն դրամի գումար, ոսկյա զարդեր, արժեքավոր իրեր եւ դիմել են փախուստի:
Նոր տարին անցավ, Զատիկն անցավ, Հին նոր տարին էլ անցավ, եւ տոնական կերուխումերից հետո խումարից վերջապես դուրս եկած հանցախումբը նորից անցավ գործի։
Բայց ինչպես ժողովուրդն է ասում, ամեն անգամ պապը փլավ չի ուտի. 2010-ը նրանց համար տհաճ անակնկալ էր պատրաստել` շարվեշարան բացելով հանցագործությունների կծիկը հենց 2010-ի առաջին օպերացիայի ընթացքում` «Արայ» ՍՊԸ սեփականատիրոջ տան վրա հարձակման ժամանակ:
Այս գործի բացահայտման հարցում լրջագույն դեր է ունեցել բոլոր գործերը մեկ վարույթ միացնելու հանգամանքը, ինչն էլ նպաստեց, որ քննչական գործողությունների արդյունքում կարեւոր ապացույցներ ձեռք բերվեն: Ինչ վերաբերում է ապացույցներին, ապա հանցագործների պահեստարան-յուղման կետում` հատակի արանքում, հայտնաբերվել է գողացված ականջօղի մի կտորը` ճակատագրական դեր խաղալով այս գործում:
Ի վերջո, հանցագործների հեռախոսային խոսակցությունների վերծանումներով նրանց տեղաշարժը քաղաքում, դեպքի վայրում գտնվելու հանգամանքը եւ այլն, նախաքննական մարմնի ձեռքի տակ եղած լուրջ ապացույցներ են:
Կատարած հանցանքի համար դատարանը Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատիժ սահմանում է 9 տարվա ազատազրկում, Պետրոս Հակոբյանի նկատմամբ` 11, իսկ խմբի պարագլուխ համարվող Կարեն Կարապետյանի նկատմամբ` 12 տարվա ազատազրկում: Ի դեպ, այս պատժաչափերը մեղադրող կողմը շատ մեղմ է համարում. պահանջել էր ավելի մեծ պատժաչափեր, համապատասխանաբար` 9,5, 13 եւ 14 տարի:




























