Քիշնեւի միջազգային օդանավակայանում հատուկ ջոկատայինների կողմից հանցագործին չեզոքացնելու գործողությունը տեւել է 2 րոպե 30 վայրկյան, տեղեկացրել է МОЛДПРЕС-ը՝ հղում կատարելով ոստիկանության գլխավոր տեսչության ղեկավար Վիորել Չերնեուցյանուին եւ գլխավոր դատախազի պաշտոնակատար Իոն Մունտյանուին։
Վիորել Չերնեուցյանուն տեղեկացրել է, որ հանցագործն օդանավակայան էր եկել Ստամբուլ-Քիշնեւ չվերթով, ժամը 14.48-ին։ 15.21-ին Սահմանապահ ոստիկանությունը ձեւակերպել էր նրա փաստաթղթերը եւ տեղեկացրել նրան, որ իրավունք չունի մտնել Մոլդովայի Հանրապետության տարածք։
«Աշխատակցի վրա հարձակումը տեղի է ունեցել ժամը 17.13-ին։ Գնդակահարվել են սահմանապահ ոստիկանության եւ օդանավակայնաի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Մարդկանց տարհանել են օդանավակայանից եւ ապահովել նրա պարագիծը, որպեսզի այլ վտանգավոր իրավիճակներ թույլ չտրվեն։ Ժամը 17.00-ին եւ 18-00-ին սկսվել են հատուկ գործողությունները ոչ միայն օդանավակայանում, այլեւ ամբողջ Մոլդովայի Հանրապետության տարածքում»,- ասել է Վիորել Չերնեուցյանուն։
«17.30-ից մինչեւ 17.50-ը իրականացվել է երկու գործողություն. գրոհող խումբը պարզել է գրոհի կարգը, իսկ հատուկ բանակցողները փորձել են պայմանավորվել հանցագործի հետ։ Բանակցությունների ընթացքում հանցագործը հրաժարվել է հանձնվել, բայց մասնագետները պարզել են, որ նրա հետ պատանդներ չկան։ Եվ այդ ժամանակ գործին միջամտել է գրոհող խումբը։ Նրա գործողությունները տեւել են 2 րոպե 30 վայրկյան։ Փոխհրաձգության ժամանակ հանցագործը վիրավորվել է»,- նշել է Չերնեուցյանուն։
Գլխավոր դատախազի պաշտոնակատար Իոն Մունտյանուն ասել է, որ զոհված սահմանապահը հանկարծակիի էր բերվել։
«Օտարերկրյա քաղաքացին կես վայրկյանում ագրեսիվ է դարձել։ Նման ռեակցիա ոչ ոք չէր սպասում։ Կարելի է եզրակացնել, որ հանցագործը ֆիզիկապես լավ պատրաստված էր»,- նշել է դատախազը։





























