Միավորված ազգերի կազմակերպությունը երեքշաբթի նախազգուշացրել է աշխարհին պատրաստվել Էլ Նինյոյի հարվածներին՝ ասելով, որ եղանակային իրադարձությունը, որը կհանգեցնի գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը, կշարունակվի մինչև 2023 թվականը, հաղորդում է AFP-ն:

Էլ Նինյոն բնական կլիմայական օրինաչափություն է, որը սովորաբար կապված է ամբողջ աշխարհում ջերմաստիճանի բարձրացման, ինչպես նաև աշխարհի որոշ մասերում երաշտի և հորդառատ անձրևների հետ՝ այլ հատվածներում:

Այս երեւույթը տեղի է ունենում միջինը երկուսից յոթ տարին մեկ անգամ, իսկ դրա դրվագները սովորաբար տևում են ինը ամսից մինչև 12 ամիս: 

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հայտարարել է, որ Էլ Նինյոն արդեն սկսվել է և ասել է, որ 90 տոկոս հավանականություն կա, որ այն կշարունակվի մինչև 2023 թվականի երկրորդ կեսը:

«Էլ Նինյոյի սկիզբը զգալիորեն կմեծացնի ջերմաստիճանի ռեկորդները գերազանցելու հավանականությունը և կառաջացնի ավելի ծայրահեղ ջերմային ալիքներ աշխարհի շատ մասերում և օվկիանոսում», - նախազգուշացրել է WMO-ի գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը:

Նա նշեց, որ Էլ Նինյոյի տաքացման ազդեցությունը գլոբալ ջերմաստիճանի վրա սովորաբար առավել ուժեղ է զգացվում դրա սկզբին հաջորդող տարվա ընթացքում, այս դեպքում՝ 2024 թվականին: