Շվեդական ոստիկանությունը երեք խնդրանք է ստացել Ստոկհոլմում և Հելսինգբորգում կրոնական գրքերի այրմամբ ցույցեր անցկացնելու վերաբերյալ։ Դրանցից մեկը Ստոկհոլմի մզկիթի դիմաց Ղուրանի այրման ակցիան է, որը կազմակերպիչները ցանկանում են անցկացնել «որքան հնարավոր է շուտ»։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով SVT հեռուստաալիքին։
Այն ներկայացրած հիսունամյա կինը հեռուստաալիքի թղթակցին ասել է, որ անցած շաբաթ ցույցից հետո, որը նույնպես տեղի է ունեցել մայրաքաղաքի մզկիթի մոտ, որոշել է ինքնուրույն նոր ակցիա կազմակերպել։ Նրա կարծիքով՝ Շվեդիայի դեմ բողոքի ցույցերը, որոնք աշխարհում առաջացել են մահմեդականների սուրբ գրքի այրման պատճառով, անարդար են։
Մեկ այլ դիմումում՝ հուլիսի 15-ին, խոսքն Իսրայելի դեսպանատան առջեւ Թորայի եւ Աստվածաշնչի այրման մասին է։ Դիմումատուն՝ 30-ամյա քաղաքացին, ցանկանում է այս ակցիան անցկացնել՝ ի պատասխան անցյալ շաբաթ Ղուրանի այրման և որպես «խոսքի ազատության խորհրդանշական հավաք»։
Երրորդ դիմումը վերաբերում է հուլիսի 12-ին Հելսինգբորգի կենտրոնում կրոնական տեքստեր այրելու թույլտվությանը։ Այն նույնպես ներկայացվել է մասնավոր անձի կողմից։ Թե կոնկրետ ինչ է նախատեսվում հրկիզել, դեռ պարզ չէ։
«Մեր կարծիքով՝ հնարավոր է, որ դա ուղղված չէ որևէ կոնկրետ կրոնի դեմ, այլ խոսքի ազատության իրագործման և դրա շուրջ ներկայումս ընթացող քննարկման անբաժանելի մասն է», - ասել է Սքանե նահանգի ոստիկանության Հյուսիս-արևմտյան դեպարտամենտի ղեկավար Մատիաս Սիգֆրիդսոնը:





























