Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանում կալանքից փախչելու փորձ կատարած ամբաստանյալը մահացել է՝ պայթեցնելով իրեն։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Չորեքշաբթի ավելի վաղ «Страна»-ի ուկրաինական հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ 2015 թվականի օգոստոսին Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող Իգոր Գումենյուկը երեք նռնակ է պայթեցրել Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանի շենքում և պատանդ է վերցրել երկու ուղեկցորդների։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, պայթեցվել է անհայտ պայթուցիկ սարք։ Ավելի ուշ հրատարակությունը հայտնել է, որ դատարանի շենքի մոտ հերթական պայթյուն է որոտացել։ Գլխավոր դատախազությունը հայտնել է իրավապահ մարմինների երկու վիրավորների մասին։ Ամբաստանյալի՝ կալանքից փախչելու փորձի փաստով քրեական գործ է հարուցվել։

«Հանցագործը տեղում մահացել է։ Նախնական տեղեկություններով՝ նա պայթեցրել է իրեն։ Շենքի վրա հարձակման ժամանակ վիրավորվել է հատուկ նշանակության ջոկատի երկու զինծառայող։ Նրանց կյանքը փրկել են վահանները, որոնցով շարժվել են հատուկ ջոկատայինները»,- գրել է Կլիմենկոն իր Telegram ալիքում։