Հարավաֆրիկյան Հանրապետության Բոքսբուրգ քաղաքում գազի արտահոսքի պատճառով մահացել է 24 մարդ, տեղեկացրել է SABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման տեղի ծառայության ներկայացուցչին։
«Երբ մենք եկանք պատահարի վայր, հայտնաբերեցինք, որ դա պայթյուն չէր, այլ գազի արտահոսք։ Ներկա պահին կարող եմ հաստատել, որ մահացել է 24 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Մենք կասկածում ենք, որ դա կարող է կապված լինել այս շրջանում օգտակար հանածոների անօրինական արդյունահանման հետ»,- հեռուստաալիքը փոխանցել է տեղի ԱԻ ծառայության ներկայացուցիչ Ուիլյամ Նթլադիի խոսքերը։
Հեռուստաալիքը, հղում կատարելով ներկայացուցչին, տեղեկացրել է, որ սկզբում ենթադրվում էր, որ մարդիկ մահացել են գազի պայթյունից, բայց պարզվել է, որ տեղի է ունեցել գազի արտահոսք բալոնից։




























