Ֆինլանդիայի մայրաքաղաքում ապրող Յուլպյու կատուն, որը, գուցե, ամենածերն է աշխարհում, 29 տարեկան է, ասել է կենդանու տիրուհին՝ Տիինա Կորհոնենը։
«Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ ներկայում ապրող կատուներից ամենածերը 27 տարեկան է։ Ես նրանց տեղեկություն եմ ուղարկել, որ մեր կատուն ավելի մեծ է։ Ես սպասում եմ նրանց պատասխանին։ Չգիտեմ, թե ինչ կպահանջեն նրանք որպես ապացույց»,- ասել է Կորհոնենը Maaseudun tulevaisuus թերթին։
Նրա կարծիքով՝ Յուլպյուն կարող է լինել ամենածեր կատուն Ֆինլանդիայում, գուցե եւ աշխարհում։
Կորհոնենը նշել է, որ, չնայած տարիքին, Յուլպյուն ընկերուհի ունի, որը նրանից փոքր է 14 տարով, ինչը եւս, գուցե, նրան առույգություն է հաղորդում։
Կինը նշել է, որ ծննդյան օրը կատուն նշել է հուլիսի 5-ին, ի նշան տոնի Կորհոնենը կենդանուն պատվել է համեղ ուտելիքով։ Նա ավելացրել է, որ կատվի երկարակեցության գաղտնիքը համարում է «երջանիկ կյանքն ու լավ գեները»։



























