Շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ երթով անցել են Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլով՝ պահանջելով Ճապոնիայից հրաժարվել վնասված «Ֆուկուսիմա» ատոմակայանից մաքրված ջրերը բաց թողնելու պլաններից, այն դեպքում, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հանդիպել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի հանրության անհանգստությունը սննդամթերքների անվտանգության առիթով, տեղեկացրել է The Associated Press-ը։

Բողոքներն սկսվել են այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է ճապոնական պլանների անվտանգությունը՝ հայտարարելով, որ ԱԷԿ-ից հոսող ջրի աղտոտման մակարդակը կլինի թույլատրելի նորմերի սահմանում եւ էական ազդեցություն չի ունենա Հարավկորեական ծովի վրա այնքան ժամանակ, քանի դեռ կայանի մաքրող համակարգերը կաշխատեն նախագծին համապատասխան։

Այս հայտարարությունը համընկնում է ԱԷՄԳ կարծիքին, որն այս շաբաթ հավանության է արժանացրել ճապոնական պլանները՝ հայտարարելով, որ մաքրված ջրերը կհամապատասխանեն անվտանգության միջազգային չափորոշիչներին եւ աննշան ազդեցություն կունենան շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա։

Ընդվզողները երկար շարքերով անցել են Սեուլի կենտրոնական շրջանով՝ պաստառներ տանելով «Մենք դատապարտում ենք Ֆուկուսիմայի միջուկային ջրերի արտահոսքը ծով» եւ «Մենք մեր կյանքով կդիմակայենք ծով արտանետմանը» մակագրություններով։

Բողոքները լարված ֆոն են ստեղծել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Փակ Չժինի հանդիպման համար, սպասվում է, որ այդ հանդիպման ժաանակ կքննարկվեն սննդամթերքների վարակման հարցերը։

Սեուլից ոչ հեռու գտնվող օդանավակայանում նրան դիմավորել են տասնյակ զայրացած ցուցարարներ։ Նրանք դատապարտել են ԱԷՄԳ աջակցությունը Ճապոնիայի պլաններին՝ «Ապամոնտաժել ԱԷՄԳ»-ն եւ «Ֆուկուսիմայի ջրերը ողջ մարդկությանն անպայման կհանգեցնեն աղետի» կարգախոսներ կրող պաստառներով։