Եգիպտոսը հուլիսի 13-ին Սուդանին սահմանակից երկրների գագաթնաժողով է անցկացնելու, որպեսզի քննարկի Սուդանի զինվորականների և հակառակորդ խմբավորումների միջև 12 շաբաթ շարունակվող հակամարտության լուծման ուղիները, որը խոշոր հումանիտար ճգնաժամ է ստեղծել տարածաշրջանում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։

Գագաթնաժողովի նպատակը հարևան պետությունների հետ, կենտրոնացնելով նաև տարածաշրջանային կամ միջազգային ջանքերը, հակամարտության խաղաղ կարգավորման համար  արդյունավետ մեխանիզմ մշակելն է, ասվում է հայտարարության մեջ։

Սուդանի մայրաքաղաք Խարթումում ապրիլի 15-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 2,9 մլն մարդ հարկադրաբար լքել է իր տունը, այդ թվում մոտ 700 000-ը փախել է հարևան երկրներ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության վերջին տվյալներով, ավելի քան 255 000 մարդ անցել է Եգիպտոսի սահմանը։

Եգիպտոսը սերտ կապեր ունի Սուդանի բանակի հետ, որը Խարթումում և երկրի այլ մասերում մարտնչում է Արագ արձագանքման ուժերի դեմ։

Եգիպտոսը չի մասնակցել Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ Ջիդայի բանակցություններին, որոնք անցյալ ամիս ընդհատվեցին կայուն հրադադարի չհասնելու պատճառով։