Ծայրահեղ եղանակային իրադարձությունների ֆոնին` չոր ամառվա և ավելի խոնավ ձմեռվա, Լոնդոնի պատմական շենքերից շատերը սկսել են թեքվել և ճաքել: Բրիտանական մայրաքաղաքում կլիմայի փոփոխության պատճառով տների ավերումը կանխատեսել են փորձագետները, որոնց հետ հարցազրույց է տվել Bloomberg-ը։
Փորձագետների կարծիքով՝ գլոբալ տաքացման հետևանքներից տուժում են շենքերը ոչ միայն Լոնդոնում, այլև Մեծ Բրիտանիայի կենտրոնական և հարավ-արևելյան հատվածներում: Բրիտանական երկրաբանական ծառայության ինժեներ Լի Ջոնսի խոսքով՝ պատճառը հողի եզակի կավն է, որն արձագանքում է եղանակային փոփոխություններին և ազդում շենքերի ու ճանապարհների վիճակի վրա։ «Որքան կլիման ավելի խոնավ է դառնում, այնքան կավը ուռչում և ընդլայնվում է, և որքան չորանում է, այնքան փոքրանում և ճաք է տալիս», - բացատրեց փորձագետը:
Bloomberg-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ 1990 թվականին Լոնդոնի շենքերի միայն 20 տոկոսն է վտանգի տակ ընկել՝ հողի իջեցման պատճառով: 2030 թվականին նման շենքերի մասնաբաժինը կաճի մինչև 43 տոկոս, իսկ 2070 թվականին՝ 57 տոկոս։ Ընդ որում, ավերածությունների ամենամեծ հավանականությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածում է, որտեղ գերակշռում են պատմական շինությունները։
Կլիմայական ճգնաժամը նաև հանգեցրեց վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ ապահովագրական վճարումների: Օրինակ՝ բրիտանական ապահովագրողները պատրաստվում են 281 միլիոն դոլար վճարել վնասի հայտերի համար, որոնք ներկայացված են 2022 թվականին, հաղորդում է Բրիտանական ապահովագրողների ասոցիացիան։ Բազմաթիվ զանգեր կապված են եղել 2022 թվականի ամռանը ռեկորդային բարձր ջերմաստիճանի հետ, նշում են փորձագետները։
«Մեծ Բրիտանիայում շատ տներ կառուցված են սողացող կավի վրա, և հատկապես չոր եղանակը կարող է հանգեցնել գույքի տեղաշարժի», - ասում է բրիտանական գույքի կորստի Aspray Ltd ընկերության մենեջեր Էնթոնի Բադլին։ Փորձագետը կանխատեսում է, որ նստեցումը կարող է անբնակելի դարձնել Լոնդոնի տների մեծ մասը, քանի որ յուրաքանչյուր վեցերորդ տունը կառուցվել է 1900-ականներին՝ առանց հաշվի առնելու նման բարձր ջերմաստիճանը։





























