Երեւանում, այսօր` հոկտեմբերի 6-ի երեկոյան, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կտրվի պետական ընթրիք:
Հիշեցնենք, որ այսօր, պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները մեկնել են Մայր աթոռ սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել Գարեգին Երկրորդի հետ եւ այցելել Մայր Տաճար:
Սարկոզիի հետ Հայաստան են այցելել հայտնի ֆրանսահայերը` նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, աշխարհահռչակ երգչուհի Էլեն Սեգարան, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, իսկ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երեւանում կլինի վաղը:
Այնուհետեւ Նիկոլա Սարկոզին եւ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ շրջայցի ավարտին Ֆրանսիայի նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել: «Ֆրանսիան չի մոռանում»,-գրել է Նիկոլա Սարկոզին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները նաեւ ծառ են տնկել՝ Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը հիշատակող հուշասյան հարևանությամբ:




























