Եթե Վազգեն Մանուկյանը 1996-ին «ընտրյալ նախագահ» էր, ինչու դրանից 1,5 տարի անց, 1998թ. ստացավ ընդամենը 13 տոկոս ձայն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան հարց-մեղադրանքի, թե 1996-ին ինքը խլել է աթոռը Վազգեն Մանուկյանից:
«Այսինքն, Վազգեն Մանուկյանը 1998-ին Ռոբերտ Քոչարյանին մատուցեց նույն ծառայությունը, ինչ Գեղամյանը, 2003 թվականին: Նա 2003թ. ընտրություններին ստացավ 0,45 տոկոս, իսկ 2008թ. ճանաչեց ընտրությունների արդյունքները»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Նա անդրադարձավ նաեւ եւս մեկ մեղադրանքի, ըստ որի, իր իշխանության տարիներին, Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենաշնորհ է տրվել «ԱրմենՏել» ընկերությանը: «Ճի՞շտ է արդյոք, որ ինչ-որ կազմակերպություն ձեզ 25 միլիոն դոլար են տվել» հարցին, ՀԱԿ-ի առաջնորդը պատասխանել է. «Սա այն նույն կեղծիքի ժանրից է, երբ ժամանակները խառնում են, եւ վերագրում մարդու, ով կապ չունի դրա հետ: «ԱրմենՏելի» գործարքը ստորագրվել է իմ հրաժարականից հետո, Ռոբերտ Քոչարյանի կողմից: Եթե 25 միլիոնի պատմությունը ճիշտ է, պիտի դրա հասցեն այլ տեղ փնտրեք: Կոնյակի գործարանի գործարքը եւս ստորագրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, նրա օրոք»:




























