Իտալիայի 10 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, սաստիկ շոգի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։ Երկրի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ խոսքը Հռոմի և Ռիետիի մասին է, որտեղ հուլիսի 10-ից գործում է կարմիր նախազգուշացումը, ինչպես նաև Բոլոնիայի, Կամպոբասոյի, Վիտերբոյի, Լատինայի, Պերուջայի, Պեսկարայի, Ֆլորենցիայի և Ֆրոզինոնեի։
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ այս և այլ քաղաքներում հուլիսի 16-ին օդը կարող է տաքանալ մինչև 39-40 աստիճան։ Մասնագետները կոչ են անում բոլորին ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները։ Երեխաներին և տարեցներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը, խմել շատ ջուր և սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։





























