Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին բժիշկներ է ուղարկել Վրաստան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հետազոտելու համար։ Այդ մասին նա չորեքշաբթի գրել է իր Twitter-ում։

«Մենք ընկերներին դժվարության մեջ չենք թողնում: Իմ խնդրանքով բժշկա-հումանիտար օգնության խմբի մի խումբ բժիշկներ Վրաստանում սկսեցին [նախկին] նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համապարփակ բժշկական հետազոտությունը»,- գրել է Մորավեցկին:

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան, սակայն ձերբակալվել է։ 2022 թվականի մայիսին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա մնում է մինչ օրս։