«Ուկրաինայի հանդեպ մեր պարտավորությունները չեն թուլանա, մենք կպաշտպանենք ազատությունն այսօր, վաղը, այնքան, որքան կպահանջվի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Վիլնյուսի համալսարանի բակում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։
«Միացյալ Նահանգները ստեղծել է ավելի քան 50 պետություններից կազմված կոալիցիա՝ ապահովելու, որ Ուկրաինան պաշտպանի իրեն ինչպես հիմա, այնպես էլ ի վիճակի լինի դա անել ապագայում»,- Բայդենի խոսքերը մեջբերում է УНИАН-ը։
Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի արդար պայմաններով։ «Ինքնիշխանություն, տարածքի ամբողջականություն՝ սրանք այն երկու սյուներն են, որոնց վրա հենվում են ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունները»,- ասել է ԱՄՆ նախագահը։
CNN-ի փոխանցմամբ՝ Բայդենը ելույթի ժամանակ ասել է, որ, իր կարծիքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում էր, որ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո ՆԱՏՕ-ն կփլուզվի։ Նրա խոսքով, Պուտինը կարծում էր, որ «մեր միասնությունը կփլուզվի առաջին իսկ փորձության ժամանակ», իսկ «ժողովրդավար առաջնորդները թույլ կլինեն»։ «Բայց նա սխալվեց», - ասել է ԱՄՆ նախագահը:
Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում անցնում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային խոստացել են արագացված մուտք գործել ռազմաքաղաքական դաշինք, սակայն չեն նշել, թե երբ այն կարող է դառնալ Դաշինքի անդամ։ «Մեծ յոթնյակ»-ի երկրներն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հայտարարություն են ընդունել՝ խոստանալով ֆինանսական և ռազմական աջակցություն Ուկրաինայի իշխանություններին։





























