Թերթը գրում է, որ սեպտեմբերի 23-ին, Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված բանդայի գործով ձերբակալվածների հարազատները նրանց տեսակցելու հնարավորություն չունեն: Ավելին` շատերը պնդում են, որ իրենք այդ գործի հետ առնչություն չունեն, այնինչ մեկուսարաններում այնպիսի խոշտանգումների են ենթարկվում, որ ինքնասպանության փորձ են կատարում:
Սույն գործով կալանավորված 39-ամյա Արման Դալլաքյանի մայրը թերթի հետ զրույցում պատմեց, որ մինչ ձերբակալվելը իր տղան հոր հետ աշխատել է: Սովորել եւ ավարտել է Ավանի սննդի պատրաստման տեխնոլոգիան, որից հետո հոր հետ ֆուրշետի սեղաններ են ձեւավորել: Բացի այդ, ընտրությունների ժամանակ ամբողջ մասիվից ինքն է ՀՀԿ համար ձայներ հավաքել: «Ոչ բարով իմ տղան ՀՀԿ-ական էր»,- հիշեցրեց Արմանի մայրը:
Թերթի հարցին, թե ի՞նչ են անելու` պատասխանեց. «Ես միայն ուզում եմ իմանալ, թե ինչի են հասնելու դրանով, որ իմ տղային ծեծի են ենթարկել: Թող պատժվեն նրանք, որ մյուս անգամ ձեռք չբարձրացնեն ժողովրդի վրա: Բավական է, արդեն իմ տղային դարձրել են ինվալիդ: Ինչի՞ ես չեմ կարողանում իմ երեխային տեսնել»,- ավելացրեց տիկին Սուսաննան եւ չկարողացավ լացը զսպել:




























