Ռախմանինովի 5 կոնցերտ՝ երկու օրում։ Դասական երաժշտության սիրահար հայ ունկնդիրը երկու օր է՝ վայելում է ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հրաշալի երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և հինգ հայտնի դաշնակահարների կատարմամբ։ Այս տարի երաժշտական աշխարհը նշում է Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը։
Երեկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ են ունեցել Թեո Գեորգիուն՝ կատարելով Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Ալեքսանդր Ռոմանովսկին՝ ներկայացնելով Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը։
Այսօրվա երեկոյի ընթացքում հնչել են Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը (մենակատար՝ Անդրեյ Գուգնին), Ռապսոդիան Պագանինիի թեմայով (մենակատար` Դմիտրի Իշխանով) և Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Անաստասիա Տերենկովա)։
Նոտաների առատություն ու բազմաշերտություն. այսպես է ռուս դաշնակահար Անդրեյ Գուգնինը բնութագրում Ռախմանինովի երաժշտությունը։ Մանկուց ուկնդրել է նրա կոնցերտները և գրեթե անգիր գիտի բոլորը։ «Ռուսաստանում մեծացած ցանկացած երաժիշտ՝ հատկապես դաշնակահարները, այս կամ այն կերպ Ռախմանինովի, նրա երաժշտության ազդեցության տակ են»,– լրագրողների հետ զրույցում ասաց մենակատարը։ Ռուսական ռոմանտիզմի ավանդույթի կրող Ռախմանինովի երաժշտությունը, ըստ դաշնակահարի, բարդ է կատարել, բայց երբ վարժվում ես նվագել, խորամուխ լինում նրա երաժշության մեջ, բնական է ստացվում։
Երիտասարդ դաշնակահար Դմիտրի Իշխանովը խոստովանում է, որ Ռախմանինովի արվեստն իրեն շատ հոգեհարազատ է։ Նա նշում է, որ Պագանինիի թեմայով գրված ռապսոդիան Ռախմանինովի առաջին ամբողջական ստեղծագործությունն է, որ կատարում է։ Կատարել է նաև հատվածներ ռուս մեծ կոմպոզիտորի 2-րդ և 3-րդ կոնցերտներից։
Մենակատարն ասում է՝ պետք է համապատասխան հմտություններ ունենալ, որպեսզի կարողանաս հաղթահարել Ռախմանինովի երաժշտության տեխնիկական նրբությունները։ «Ռախմանինովի ֆենոմենը նրա հմտությունն է՝ միացնել մեղեդիները և հարմոնիկ տեսանկյունից դրանք համադրել»,– նշում է Իշխանովը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արձանագրում է՝ սեղմ ժամկետում հաջողվել է միաժամանակ հինգ մենակատարների ներդաշնակություն ապահովել նվագախմբի հետ։ «Ռախմանինովի երաժշտությունը շատ ինդիվիդուալ է և ռոմանտիկ։ Մենակատարները պետք է լինեն դոմինանտ, որը բնորոշ է ռուսական ռոմանտիկ երաժշտությանը։ Պետք է նվագախումբը կարողանա հինգ մենակատարներին տարբեր բարդությամբ նվագակցել, ինչը հաջողվել է»,– ասաց դիրիժորը։ Իսկ թե ինչպե՞ս է մենակատարների հետ մասնագիտական փոխհամաձայնությունների գալիս, Սմբատյանը ժպտում է ու ասում՝ բանակցությունների միջոցով։
Հայաստանում առաջին անգամ են երկու օրերի ընթացքում ներկայացվում Սերգեյ Ռախմանինովի 5 կոնցերտները։ Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։ «Այս ամբիցիոզ պրոյեկտին հավատաց ու աջակցեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Որ դասական երաժշտություն շատ լավն է, ունի բարձր արժեք, գիտեն բոլորը, բայց քչերն են աջակցություն ցուցաբերում։ Ուրախ ենք, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք մեզ ավելի մեծ երազելու հնարավորություն են տալիս։ Այսօր Հայաստանում են լավագույն երաժիշտները, որոնք նվագում են լավագույն նվագախմբերում ու դահլիճներում»,– ասաց սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։





























