Իսպանական Լա Պալմա կղզում բռնկված անտառային հրդեհը ստիպել է տարհանվել առնվազն 500 մարդու, դա կղզում առաջին բնական ճգնաժամն է 2021թ. հրաբխի ժայթքումից հետո, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Հրդեհն սկսվել է  շաբաթ օրը վաղ առավոտյան Էլ Պինար դե Պունտագորդայում՝ Կանարյան կղզիների հյուսիսում։

Առնվազն 11 տուն հրդեհվել է, տեղեկացրել է Կանարյան կղզիների նախագահ Ֆերնանդո Կլավիխոն։

«Տարհանման ենթակա մարդկանց թիվը կարող է հասնել 1 000-ի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կկարողանանք արդյոք վերահսկել ուժեղ քամիները»,- ասել է Կլավիխոն լրագրողներին։

Կրակը ոչնչացրել է մոտ 140 հեկտար հող, ավելացրել է նա։

Չորս ուղղաթիռ եւ չորս հրշեջ ստորաբաժանում պայքարում են կրակի դեմ արեւմտյան Աֆրիկայի ափին մոտ գտնվող իսպանական արշիպելագի մեջ մտնող կղզում։

Կղզու իշխանությունները օգնության համար դիմել են արշիպելագի մյուս կղզիներին՝ Հոմերոսին եւ Տեներիֆեին։

2021թ. սեպտեմբերին ավելի քան 2 հազար շենք էր ավերվել, հազարավոր մարդիկ ստիպված էին հեռանալ իրենց տներից, երբ ժայթքել էր Կումբրե-Վյեխա հրաբուխը։

Ժայթքումը շարունակվել է երեք ամիս, եւ լավայի մոխիրը ծածկել է շրջակայքը սեւ փոշով եւ մրով։