Սինգապուրի տրանսպորտի նախարար Ս.Իսվարանը ձերբակալվել է վերին իշխանությունում կոռուպցիայի գործով, որին մասնակցում է նաեւ հյուրանոցային մագնատ, միլիարդատեր Օնգը, տեղեկացրել է երկրի հակակոռուպցիոն ծառայությունը, փոխանցել է AFP-ն։
Նախարարը ձերբակալվել է երեքշաբթի, հետագայում բաց է թողնվել գրավի դիմաց, նշվել է Կոռուպցիոն հանցագործությունների հետաքննման բյուրոյի (CPIB) հայտարարությունում։
Նույն օրը ձերբակալվել եւ գրավի դիմաց բաց է թողնվել Սինգապուրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ հյուրանոցային մագնատ Օնգ Բենգը, նշվել է բյուրոյի հաղորդագրությունում։
Բյուրոն հետաքննության մանրամասների մասին չի նշել։
Տրանսպորտի նախարարի նկատմամբ հետաքննությունն ընդլայնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ դրանում ներգրավված է Օնգը։
Օնգը Hotel Properties Limited (HPL) ընկերության կառավարիչ տնօրենն է, ունի մի քանի հյուրանոցներ եւ ամառանոցներ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Ընկերությունը տեղեկացրել է, որ Օնգը «ձերբակալման ծանուցումն» ստացել է CPIB-ից եւ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Չնայած սովորաբար ձերբակալվածների անձնագրերը վերցնում են, Օնգը ուրբաթ Սինգապուրից դուրս գալու թույլտվություն է ստացել, ընդ որում՝ CPIB-ն նշել է, որ դիտարկում է երկրից դուրս գալու հարցապնդումները «յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար»։
CPIB-ն տեղեկացրել է, որ բավարարել է Օնգի խնդրանքը, բայց ավելացրել է գրավի գումարը՝ այն հասցնելով 100 հազար սինգապուրյան դոլարի (76 հազար ԱՄՆ դոլար)։
Օնգը մալայզիացի է, որը մշտապես ապրում է Սինգապուրում, համարվում է նրանցից մեկը, ով օգնել է կազմակերպելու «Ֆորմուլա-1»-ի Գրան-պրին Սինգապուրում 2008թ.։
Անցած տարի նրա Singapore GP մասնավոր ընկերությունը եւ Սինգապուրի Տուրիզմի խորհուրդը մինչեւ 2028թ. երկարացրել են «Ֆորմուլա-1»-ի անցկացման պայմանագիրը։




























