Ստոկհոլմում Իսրայելի դեսպանատան առաջ Թորան ու Աստվածաշունչը այրելու մասին հայտարարած մարդը հրաժարվել է իր մտադրությունից և դրա փոխարեն շաբաթ ցույց է անցկացրել սրբազան գրքերն այրելու դեմ, տեղեկացնում են ԶԼՄ-ները։

Ինչպես հաղորդում է Times of Israel թերթը, տղամարդը Իսրայելի դիվանագիտական առաքելության շենքի մոտ է եկել շաբաթ ցերեկը՝ ձեռքին Ղուրանի պատճենը բռնած և հայտարարել, որ իր մտադրությունների մեջ երբեք չի եղել հրեական կամ քրիստոնեական սրբազան գրքերն այրելը, այլ միայն վերջերս Ղուրանի հրկիզման դեմ բողոքելը։

Շվեդական  SVT պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ տղամարդը գետնին է նետել ձեռքում եղած կրակայրիչը և ասել, որ այն իրեն պետք չէ։

«Ես մահմեդական եմ,մենք գրքեր չենք այրում։ Ես ուզում եմ ցույց տալ, որ մենք պետք է հարգենք իրար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ չի պատրաստվում իրականացնել իր նախնական մտադրությունը։

Իսրայելի իշխանություններն ավելի վաղ կոչ էին արել շվեդական կառավարությանը դադարեցնել դեսպանատան առաջ շաբաթ օրվա բողոքի ցույցը և սրբազան գրքերի այրումը։