Թայվանի Զինված ուժերը նախատեսում են ԱՄՆ-ին պատվիրել NASAMS 2 զենիթահրթիռային համալիրներ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է կղզու պաշտպանության նախարար Ցյու Գոչժենը։

Լրագրողների հետ օրենսդիր մարմնի շենքում կայացած զրույցի ընթացքում նա հաստատել է այն տեղեկությունը, որ իր գերատեսչության բյուջեով նախատեսված է այդ ԶՀՀ-ների ձեռքբերումը։ «Ինչ վերաբերում է դրանք ստանալու ժամկետներին, ապա մինչեւ այսօր մենք դեռ ծանուցում չենք ստացել, բայց համապատասխան աշխատանք տարվում է»,- նրա խոսքերը մեջբերել է կղզու Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը։

Թայվանը սեփական վարչություն ունի 1949 թվականից, երբ այնտեղ էին փախել Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով Չինաստանում քաղաքացիական պատերազմում։ Այդ ժամանակվանից կղզին պահպանում է իր դրոշն ու նախկին Չինաստանի Հանրապետության որոշ այլ ատրիբուտներ։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։