Եվրոպայի հարավային երկրներում մոտ օրերս Սահարա անապատում տեղի ունեցած ջերմային պայթյունի պատճառով կարող է ծայրահեղ շոգ լինել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եղանակային ծառայությունների կանխատեսումները։
«Սահարայում նոր ջերմային պայթյունն էլ ավելի էքստրեմալ պայմաններ է ստեղծում Եվրոպայի համար»,- ասվում է նյութում։
Օդերեւութաբանական կանխատեսումների համաձայն՝ Իտալիայում օդի ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային +50°C-ի։ Նշվում է, որ Եվրոպայում ջերմաստիճանի ռեկորդը գրանցվել է 2021 թվականին, երբ Սիցիլիայում այն եղել է + 48°C, սակայն Հյուսիսային Աֆրիկայից նոր ջերմային ալիքը կարող է թարմացնել ցուցանիշները միանգամից մի քանի եվրոպական տարածաշրջաններում:
Հոդվածում նշվում է, որ ներկայումս անոմալ շոգ եղանակ է դիտվում հունական Աթենքում, իտալական Հռոմում և իսպանական Մադրիդում։
Գործակալության տվյալներով՝ Եվրոպայի հարավում գտնվող պետությունների իշխանությունները սկսել են մարդկանց զգուշացնել եղանակի փոփոխության պատճառով տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքներում հնարավոր հրդեհների և խափանումների մասին։




























