Այս տարվա չորրորդ թայֆունը՝ «Թալիմ» անվանումը ստացած, երկուշաբթի երեկոյան 136,8 կմ/ժամ առավելագույն արագությամբ ցամաք է հասել՝ հարվածելով Գուանդուն նահանգի (Հարավային Չինաստան) ափամերձ շրջաններին։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ազգային օդերեւութաբանական կենտրոնը, հայտնում է Xinhua-ն։
Մոտեցող թայֆունի պատճառով նահանգում տարհանվել է գրեթե 230 հազար մարդ։ Տեղական իշխանությունները հրահանգել են փակել 68 ափամերձ զբոսաշրջային վայրեր, ափ վերադարձնել 2702 ձկնորսական նավակ և ձկնաբուծական ֆերմայի 8262 աշխատողներ։
Թայֆունը կտեղափոխվի Հարավչինական ծովի Բեյբու ծովածոց, իսկ հուլիսի 18-ի առավոտյան կրկին կարող է դրսեւորվել Գուանսի Չժուան ինքնավար շրջանի ափամերձ գոտում։
Նախօրեին Չինաստանի տրանսպորտային իշխանությունները հայտարարել են թայֆունի հետ կապված փրկարար ուժերի տեղակայման մասին։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տրանսպորտի նախարարության փրկարարական վարչության տվյալներով՝ 11 մեծ հզորությամբ փրկարարական նավ, 5 ուղղաթիռ, 46 սովորական փրկարար նավ և շտապօգնության 8 փրկարարական ջոկատ պատրաստության վիճակի են բերվել։





























