ԱՄՆ իշխանությունները 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ են հատկացնում Ուկրաինային, և նախատեսվում է Կիևին տրամադրել չորս NASAMS կարճ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգեր (SAM), զինամթերք և ականազերծման սարքավորումներ։ Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

Փաստաթղթում պարզաբանվում է, որ Վաշինգտոնը ձգտում է «բավարարել Ուկրաինայի հրատապ կարիքները՝ կարճաժամկետ կտրվածքով կենսական միջոցներ տրամադրելով, ինչպես նաև զարգացնել նրա կայուն կարողությունները» ռազմական ոլորտում՝ Ռուսաստանին «միջնաժամկետ և երկարաժամկետ» հակազդելու համար։ Ինչպես ընդգծել է Պենտագոնը, փաթեթը ներառում է «ամենակարևոր հակաօդային պաշտպանության համակարգերն ու զինամթերքը»։ Դրանք ամերիկյան կողմը կգնի արտադրողներից կամ գործընկերներից՝ հետագայում Ուկրաինա տեղափոխելու համար: