Թուրքիան կոչ է անում կյանքի կոչել Կիպրոս կղզում երկու «հավասար» պետություններ ստեղծելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Անկարայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ժամանակ։
Ինչպես հայտնում է Anadolu-ն, նա ելույթ է ունեցել Էրջան օդանավակայանում նոր տերմինալի ու թռիչքուղու բացման արարողության ժամանակ։
Երկրի ղեկավարի խոսքով՝ այս սկզբունքի իրականացումն անհրաժեշտ է, որպեսզի Կիպրոսի թուրքական և հունական համայնքների ներկայացուցիչները «կողք կողքի խաղաղ ապրեն՝ առանց լարվածության և հակամարտությունների»։
Էրդողանը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել քաղաքական սահմանափակումները Կիպրոսի օկուպացված հատվածում։





























