ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բեռնսը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից գրեթե մեկ ամիս անց հայտարարել է, որ ԱՄՆ-ում նախապես գիտեին դրա մասին։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դա արտահայտել է հակիրճ՝ նշելով, որ «մենք նախապես գիտեինք», եւ հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տալ:
Բեռնսը, ով նախկինում աշխատել է որպես Մոսկվայում ԱՄՆ դեսպան, Պրիգոժինի ապստամբությունն անվանել է ամենահուզիչ իրադարձությունը, որը նա տեսել է Ռուսաստանում վերջին 30 տարվա ընթացքում:
Հունիսի 23-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուժերը, իբր, հարվածներ են հասցրել իր մասնավոր ռազմական ընկերության թիկունքային ճամբարներին, եւ նրա մարտիկները «արդարության երթով» տեղափոխվում են Ռուսաստանի տարածք: Պաշտպանության նախարարությունը հերքել է նրա մեղադրանքները։





























