Բեռլինի մերձակայքում փնտրվող էգ առյուծը վարազ է եղել։ Այս հայտարարությամբ է այսօր մամուլի ասուլիսում հանդես եկել Միխաել Գրուբերտը՝ Կլայնմախնով արվարձանի բուրգոմիստրը, որտեղ արդեն երկրորդ օրն է, ինչ փնտրում են, իբր, փախած առյուծին։ Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, համացանցում տարածված «էգ առյուծի» մասին տեսանյութում, իրականում վարազ է պատկերված։ Թեև հեռվից կենդանու ուրվապատկերը նման է էգ առյուծի, բայց մանրազնին դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ վարազ է։ Երբ Գրուբերտին հարցրեցին, արդյո՞ք, նա վստահ է 100 տոկոսով, նա պատասխանեց, որ «պատրաստ է ձեռքը կրակին դնել»։
Ըստ նրա, այս վարկածին կողմնակից են նաև կենդանաբանները, որոնք աշխատում են տեղում և վերլուծել են տեսանյութը, գրում է BILD-ը։ Մասնագետներն արդեն քննության համար վերցրել են որոնման շրջանում գտած թրիքի և բրդի նմուշները։
Բացի այդ, այս ողջ ընթացքում նրանց չի հաջողվել առյուծի հետքեր հայտնաբերել։ Գուբերտը հայտարարել է, որ երեկ իշխանություններն ահազանգ են հայտարարել և զանգվածային որոնողական գործողություն սկսել, քանի որ այլ կերպ վարվել չէին կարող։ Սակայն հիմա պարզ է, որ տեղաբնակներին ոչ մի վտանգ չի սպառնում։





























