Լեհաստանի անվտանգության հանձնաժողովը որոշել է բանակային ստորաբաժանումներ տեղափոխել երկրի արևելք՝ Բելառուսում «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանների առկայության պատճառով, հայտնում է «PAP» գործակալությունը։
Չորեքշաբթի օրը «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ողջունել է վարձկաններին Բելառուսում։ Թելեգրամի ալիքներում հրապարակված տեսանյութում Պրիգոժինը դիմել է իր զինյալներին՝ ասելով, որ ՄՌԿ-ն առայժմ չի մասնակցի Ուկրաինայի պատերազմին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Փոխարենը, ըստ Պրիգոժինի, «վագներականները» պետք է պատրաստվեն Աֆրիկայում գործողություններին մասնակցությանը և բելառուսական բանակի հետ համատեղ վարժանքներ անցկացնեն։
Հինգշաբթի օրը Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Վագների» վարձկանները բելառուսական հատուկ ջոկատայինների հետ համատեղ զորավարժություններ են սկսել ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորավարժարանում:
«Բելառուսական բանակի և «Վագների» վարժանքները կամ համատեղ զորավարժությունները, անկասկած, սադրանք են», - ասել է Լեհաստանի անվտանգության հանձնաժողովի քարտուղար Զբիգնև Հոֆմանը: - «Հանձնաժողովը վերլուծել է հնարավոր սպառնալիքները, ինչպիսին է «Վագների» ստորաբաժանումների տեղակայումը։ Ուստի Ազգային պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Մարիուշ Բլաշչակը որոշեց մեր զինվորական կազմավորումները տեղափոխել Լեհաստանի արևմուտքից արևելք»։





























