Բուլղարիայի խորհրդարանը 148 կողմ, 52 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել Ուկրաինա խորհրդային արտադրության մոտ 100 զրահափոխադրիչ ուղարկելու օգտին, հայտնում է AFP-ն։ Սա առաջին դեպքն է, երբ Սոֆիան որոշում է Կիևին սպառազինություն մատակարարել ուղղակիորեն, այլ ոչ թե միջնորդների միջոցով։

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան սառը պատերազմից ի վեր ունի խորհրդային զինատեսակներով զինված բանակ և  ռազմական արդյունաբերություն, որն արտադրում է խորհրդային տեսակի զենքեր, ինչպիսիք օգտագործում են Ուկրաինայի զինված ուժերը, գրում է BBC-ն: Բայց բուլղարական հասարակության մեջ դեռ մասամբ պահպանվում են ռուսամետ տրամադրությունները։

Ամենառուսամետ «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Կոստադին Կոստադինովը խորհրդարանի որոշումը անվանել է «ուխտադրուժ և խայտառակ»։ Ընդդիմադիր Սոցիալիստական ​​կուսակցությունը նույնպես «դեմ» է քվեարկել։

«Այդ տեխնիկան այլևս անհրաժեշտ չէ Բուլղարիայի կարիքների համար և կարող է լուրջ աջակցություն լինել Ուկրաինային անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար պայքարում Ռուսաստանի անհիմն և չհրահրված ագրեսիայից հետո», - մեջբերում է AFP-ն խորհրդարանի բանաձևը:

Սոֆիայի անվճռականութանը երկար ժամանակ նպաստում էր ներքին քաղաքականության անորոշությունը. մի քանի քաղաքական փուլ անընդմեջ խորհրդարանում չհաջողվեց ստեղծել կայուն իշխող կոալիցիա: Երկրի նախագահ Ռումեն Ռադևը դեմ է Ուկրաինային ուղղակի զենք մատակարարելուն, և հենց նա է այս պայմաններում անցած տարվա կեսերից անցումային կառավարություններ նշանակում։ Արդյունքում Բուլղարիան պատերազմի սկզբից Ուկրաինա է ուղարկել ռազմական օգնության միայն մեկ փաթեթ՝ հիմնականում զրահաբաճկոններ ու սաղավարտներ։

Միայն հունիսի սկզբին է հնարավոր եղել ձեւավորել նոր եվրոպամետ կառավարություն՝ հիմնված խորհրդարանական մեծամասնության վրա։ Այժմ Սոֆիան պատրաստում է ռազմական օգնության հերթական փաթեթը։