Արևմտյան Սահարայում իրադրությունը հիմա սրընթաց հեռանում է «խաղաղ և կայուն» վիճակից։
Իսրայելի կողմից Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկոյի գերիշխանության ճանաչումից և Մարոկոյի ու ԵՄ միջև ձկնորսության համաձայնագրի ժամկետի ավարտից հետո տարածաշրջանում լարվածությունն ուժեղանում է։
Մարոկոն Արևմտյան Սահարան համարում է իր տարածքի անքակտելի մասը և տասնամյակների ընթացքում դե ֆակտո պահպանում է իր հսկողությունը այդ տարածաշրջանի մեծ մասի վրա։ Մինչդեռ ՄԱԿ-ը Արևմտյան Սահարան դասում է ոչ ինքնակառավարվող տարածքների շարքը, իսկ նրա նկատմամբ Մարոկոյի գերիշխանությունն ընդունող երկիրը ԱՄՆ-ն է, վերջերս նաև Իսրայելը, գրում է DW-ն։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն նամակ է ուղղել Մարոկոյի թագավոր Մուհամեդ 6-րդին, որում տեղեկացրել է Արևմտյան Սահարայի նկատմամբ թագավորության իշխանության ճանաչման իր որոշման մասին։ Այդ ժամանակ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել էր, որ այդ քայլը նպաստելու է «երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղության և տարածաշրջանային կայունության նպատակով համագործակցության շարունակմանը»։
Սակայն մի շարք դիտորդների կարծիքով, իրականում Արևմտյան Սահարայում իրադրությունը հեռու է խաղաղ ու կայուն լինելուց, ավելին մտահոգություններ կան, որ տարածաշրջանը դարձյալ Մարոկոյի և հարևան Ալժիրի միջև ռազմական հակամարտության թատերաբեմ կդառնա։





























