ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լիզա Ֆրանկետիին առաջադրել է երկրի ռազմածովային նավատորմի ղեկավարի պաշտոնում։ Նշանակումը պետք է հաստատի Սենատը, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։
Առաջին դեպքն է, երբ երբ ամերիկյան նավատորմում գլխավոր պաշտոնը կին է զբաղեցնելու։ Բացի այդ, Ֆրանկետին ԱՄՆ պատմության մեջ երկրորդ կինն է, որը ծովակալի կոչում ունի։ Նավատորմի ներկա հրամանատարը՝ ծովակալ Մայք Գիլդեյը, հասել է պաշտոնաթող լինելու տարիքին։
Սա ԱՄՆ-ի համար անսպասելի նշանակում է։ Ավելի վաղ որպես առավել հավանական թեկնածու դիտարկվում էր ծովակալ Սամուել Պապարոն։ Սակայն Բայդենը նախընտրել է նրան առաջադրել ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնում Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Ներկայացնելով Ֆրանկետիի թեկնածությունը՝ Սպիտակ տան աշխատակազմը նշել է, որ նա ծառայում է ՌԾՈւ-ում 1985 թվականից։ Նա եղել է ԱՄՆ Վեցերորդ նավատորմի հրամանատարը Միջերկրական ծովում, գլխավորել է ԱՄՆ ռազմածովային ուժերը Կորեայում, ծառայել ռազմավարության եւ պլանավորման միացյալ բաժնում։ Այժմ Ֆրանկետին զբաղեցնում է ԱՄՆ ՌԾՈւ օպերատիվ բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
Ֆրանկետին առաջին կրթությամբ լրագրող է։ Այնուհետեւ նա ավարտել է ռազմածովային քոլեջը եւ այդ ժամանակվանից նավատորմում է։





























