Տաք ջրի խողովակի պայթելու հետեւանքով չորս մարդ զոհվել է Մոսկվայի «Времена года» առեւտրի կենտրոնում, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

«Առեւտրի կենտրոնի ներսում գտնվել են զոհվածների մարմինները, զոհվել է չորս մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է այս տեղեկությունը։ «Ողբերգությունն Առետրի կենտրոնում խլել է եւս երեք հոգու կյանք։ Ցավակցում եմ հարազատներին եւ մերձավորներին։ Փրկարարները շարունակում են աշխատել»,- գրել է քաղաքապետն իր Թելեգրամ-ալիքում։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ վթարի ժամանակ զոհվել է մեկ մարդ։ Բոլոր զոհվածները «Գլոբուս գուրմե» հիպերմարկետի աշխատակիցներ են։ Նրանք գտնվել են ստորին հարկում։

Բժշկական ծառայությունները տեղեկացրել են ինը տուժածի մասին։ Այդ թիվը կարող է ավելանալ, բուժաշխատողները շարունակում են օգնություն ցուցաբերել։ Երեք մարդ փակված է մնացել, նրանց օգնության համար ուղարկվել են ԱԻՆ աշխատակիցներ, փնտրվում է եւս մեկ մարդ Առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում։