Մերձմոսկովյան Իստրայում զինված տղամարդը, որը ներխուժել էր քոթեջ, վնասազերծվել է գրոհի ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Հուլիսի 22-ի առավոտյան մերձմոսկովյան էլիտար «Շերվուդ» ավանի մասնավոր քոթեջում աշխատել է ազդանշանային համակարգը։ Ժամը մոտ 8.00-ին դեպքի վայր է եկել երկու թիկնապահներից կազմված արագ արձագանքման խումբը՝ տեղամասային ոստիկանի ուղեկցությամբ։ Տան զննման ժամանակ նրանք նկատել են կոտրված պատուհանը, իսկ երբ ներս են մտել, նրանց դիմավորել է զինված տղամարդը կամուֆլյաժով եւ զրահաբաճկոնով։ ՌԲԿ-ի աղբյուրը ոստիկանությունում տեղեկացրել է, որ տղամարդը նրանց պատանդ է վերցրել, բայց նրանց հաջողվել է փախչել՝ դուրս թռչելով պատուհանից։ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել է, որ քոթեջ ներխուժած մարդը Կրասնոյարսկի 35-ամյա բնակիչ Վյաչեսլավ Չեռնենկոն է, որը վերջերս է եկել Մոսկվա։ Նա կրակ է բացել, քաղաքական կարգախոսներ հնչեցրել եւ ասել, որ «զենքի հսկայական զինանոց է հավաքել, որպեսզի արշավի Կրեմլի դեմ»։ Հանձնվելու հորդորներին նա պատասխանել է մերժմամբ։ Դրանից հետո Արագ արձագանքման հատուկ ջոկատը սկսել է գրոհը։ Իստրայի ղեկավար Տատյանա Վիտուշեւան հայտարարել է, որ տղամարդը «հոգեպես առողջ չէ»։ Baza-ի տեղեկացմամբ՝ նա բղավում էր, որ վերջերս է վերադարձել Ուկրաինայի հատուկ գործողությունից, իսկ քոթեջ ներխուժել իրեն հրամայել է Աստված։

Գրոհի պահին տղամարդը շենքում մենակ էր եւ շրջապատված։ Վիտուշեւան պարզաբանել է, որ քոթեջը վաճառքի է հանված 1 մլրդ ռուբլով, իսկ նրա տիրուհին կապի մեջ է մտել՝ տեղեկացնելով, որ արտասահմանում է եւ հարձակվողին չի ճանաչում։

Ինչպես տեղեկացրել է Lenta-ն, հետաքննությունն անձնական վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։