Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը վերանայելու Թուրքիային ուղղված կոչի հասցեատերը, որքան էլ պարադոքսալ լինի,  ոչ այնքան Թուրքիան  էր  եւ Հայաստանը, որքան իր երկրի ընտրողները, որոնց նա կորցնում է օրեցօր: Նման կարծիք է հայտնել «Կոմերսանտ» թերթի մեկնաբան Սերգեյ Ստրոկանը:

Նրա խոսքով` կարեւոր է հասկանալ այդ  հայտարարության ենթատեքստը. «Իսկ ենթատեքսն այսպիսին է. Սարկոզին, որի վարկանիշը ներկայումս  իջել է աղետալի 26 տոկոսի, եւ ով  պետք է պայքարի հաջորդ տարի կայանալիք ընտրություններում վերընտրվելու համար,  մեկնել էր այցի Հարավային Կովկաս, որի առանցքային տարրը Երեւանն էր: Եւ գլխավորն այն է, որ նրան պետք է ինչ-որ կերպ ստանալ Ֆրանսիայում հայկական սփյուռքի քվեները»,-հայտարարել է մեկնաբանը:

Թուրքիայում արդեն վրոդվմունք են հայտնել Սարկոզիի արտահայտությունների առնչությամբ:  Հարցին, թե կարող են հետեւանքներ լինել, մեկնաբանը նշել է, որ հարցը մինշանակ չէ: Ըստ նրա` Ֆրանսիայի հենց  ներսում եւս մեկ պարադոքս կա. ստորինն պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագիծը վերին պալատը չի  ընդունել:

Ավելին, փորձագետի խոսքով, Երեւանում Սարկոզիից  ավելի  հայամետ դիրքորոշում են ակնկալում, որը «նա չի կարող իրեն թույլ տալ` Բաքվի հետ հարաբերությունները չփչացնելու համար»:

Ստրոկանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահն իր հետ Հայաստան էր տարել Ազնավուրին, «եւ արդեն հիմա դիտորդները հեգնում են, որ այցը  «Ազնավուր» օպերացիա է`  հայ ընտրողների քվեների պայքարի համար»: «Սակայն նա  միաժամանակ կայցելի Բաքու, եւ, իհարկե, հայկական սփյուռքը  խանդով կհետեւի, թե ինչ է ասելու այնտեղ, եւ միայն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչերը բավարար չեն»,-հայտարարել է նա:

Փորձագետը կարծում է, որ Սարկոզիին հաջողվել է իր նկատմամբ դրական տրամադրել Երեւանին, սակայն նրա համար կարեւորը սեփական ընտրողներն են: «Իսկ ահա արձագանքը, կարծում եմ, ավելի զուսպ կլինի, քանի որ ֆրանսիական ընտրազանգվածը բավական պահանջկոտ է, փորձառու, նրան մղեղով չես խաբի»,-եզրափակել է մեկնաբանը: