«Ժողովրդի ծառաներ» կուսակցության պատգամավոր, Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Եգոր Չեռնյովը հայտարարել է, որ Ուկրաինան մշակել և թեստավորում է հակաօդային պաշտպանության սեփական համակարգերը։

«Մենք ՀՕՊ նորագույն համակարգեր ունենք։ Դրանք հիմա միջին հեռավորության են։ Դա, իհարկե,  Patriot-ի, SAMP-T-ի կամ IRIS-T-ի նմանակը չէ։ Կարծում եմ այն ավելի մոտ է HAWK-ին կամ միջին հեռավորության համակարգերին։ Դրանք ուկրաինական արտադրության և ուկրաինական մշակման համակարգեր են։ Ես չեմ տա այդ մշակումների անունները, դրանք հիմա թեստավորում են անցնում, բավականին հաջող։ Հրթիռներն արդեն մշակված են»,- նշել է նա, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Հուլիսի 21-ին ԱԱԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ ուկրաինական ՌԱՀ-ը արդեն միջոցներ է արտադրում, որոնք հնարավորություն կտան ուժեղացնել նավահանգստային ենթակառուցվածքի պաշտպանությունը ռուսաստանյան հարձակումներից։