Ուկրաինայի մասնատման և նրա արևմտյան մասը պոկելու ծրագրերը, որ մտմտում են նաև Լեհաստանում, իրադարձությունների զարգացման անընդունելի տարբերակ են, հայտարարել է Լուկաշենկոն Պուտինի հետ Ստրելնայում հանդիպման ընթացքում։

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ իրեն «սկսել են անհանգստացնել վագներցիները»։

«Գուցե թե պետք չէ ասել, բայց կասեմ։ Մեզ սկսել են անհանգստացնել վագներցիները․ «Ուզում ենք Արևմուտք շարժվել։ Թույլ տվեք»։ Ասում եմ, Արևմուտքը ձեր ինչի՞ն է պետք։ Ավելի լավ է էքսկուրսիա գնացեք Վարշավա, Ժեշուվ»,- պատմել է Լուկաշենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դա տեսել ենք մեկուկես տարի առաջ։ Նախապես քննարկել ենք։ Մեզ համար դա անընդունելի է։ Արևմտյան Ուկրաինայի պոկումը, Ուկրաինայի մասնատումը և հողերի հանձնումը Լեհաստանին անընդունելի են։ Եվ եթե Ուկրաինայի արևմտյան բնակչությանը պետք լինի, մենք, իհարկե, կաջակցենք նրանց։ Խնդրում եմ, որ քննեք և կշռադատեք այս հարցը։ Բնականաբար կուզեի, որ այս առումով մեզ աջակցեիք։ Եթե այդպիսի աջակցություն լինի, և արևմտյան Ուկրաինան այդ օգնությունը խնդրի, մենք, իհարկե, Ուկրաինայի արևմտյան բնակչությանը օգնություն ու աջակցություն ցույց կտանք։ Եթե այդպես լինի, մենք ամեն կերպ նրանց կաջակցենք»,- նշել է Լուկաշենկոն, տեղեկացնում է Բելտան։