Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտգործնախարարությունը հերքել է Ամիր Աբդուլ Հայանի հայտարարությունը՝ Իրաքից, Սիրիայից և Լիբիայից ԻԳԻԼ-ի առաջնորդների Աֆղանստան տեղափոխման մասին, տեղեկացնում է Բախտար լրատվական գործակալությունը։
Արտգործնախարարության մամուլի ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Իրանի արտգործնախարարը զանգվածային լրատվամիջոցներին հաղորդել է, որ ԻԳԻԼ-ի առաջնորդները Իրաքից, Սիրիայից և Լիբիայից տեղափոխվել են Աֆղանստան, ինչը չի համապատասխանում իրականությանը, և մենք հերքում ենք դա։
Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը լուրջ պայքար է տարել ԻԳԻԼ-ի դեմ, ինչպես օկուպացիայի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո, ինչի արդյունքում վերոհիշյալ խմբավորումը կորցրել է իր ապակառուցողական ունակությունը։
Եթե Իրանը տեղեկություն ունենա ԻԳԻԼ-ի անդամների Աֆղանստան տեղափոխման մասին, ապա մենք հույս ունենք, որ նա կհամագործակցի մեզ հետ, որպեսզի աֆղանական անվտանգության ուժերը կարողանան այս հարցում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել։ Աֆղանստանն ընդհանուր սահման չունի վերոհիշյալ արաբական երկրների հետ, պատասխանատվության բեռը ուրիշների վրա բարդելու փոխարեն, ավելի լավ կլինի, եթե երկրները կատարեն իրենց սահմանների անվտանգության վերաբերյալ միջազգային պարտավորությունները։ Իսլամական Էմիրությունը ոչ մեկին թույլ չի տա սպառնալ Աֆղանստանի անվտանգությանը կամ մեր հողն օգտագործել մյուսների դեմ։
Իրանի իշխանությունները պետք է կենտրոնանան երկու հարևանների միջև տնտեսական, քաղաքական և սոցիալական կառուցողական հարաբերությունների վրա և ոչ թե հանդես գան Աֆղանստանի մասին տագնապալի հայտարարություններով»։





























