ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է 2010թ. 48 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, 10 միլիոն դոլարի օգնություն` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության հավասարակշռությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հաղորդում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի համար օգնության տվյալ ծավալները ավելի վաղ արժանացել էին Պալատի հատկացումների հանձնաժողովի հավանությանը:

«Ազատություն» ռ/կ-ն տեղեկացնում է, որ օրինագիծը պարունակում է նաեւ պահանջ, որ վարչակազմը խորհրդակցի Կոնգրեսի հետ` Ադրբեջանին հատկացվող օգնության նկատմամբ «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 ուղղման գործողությունը սառեցնելուց առաջ: Հիշեցնենք, որ թիվ 907 ուղղմամբ Ադրբեջանին ամերիկյան օժանդակություն տրամադրելու պայման է համարվում այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը:

Ներկայացուցիչների պալատը հաստատել է նաեւ 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն Հայաստանի եւ Ադրբեջանի համար եւ եւս 450-ական հազար դոլար` ռազմական ուսուցման եւ վարժանքների համար, ինչպես առաջարկել էր Հատկացումների հանձնաժողովը:

Սպիտակ տունը մայիսին ներկայացրած բյուջեի նախագծով առաջարկել էր 38 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը եւ ընթացիկ տարվա 48 միլիոնի փոխարեն 2010թ. հատկացնել 30 միլիոն դոլար:

Այս օրինագիծը դեռ ենթակա է քննարկման Սենատի կողմից, ինչից հետո, Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագծերում տարբերության առկայության դեպքում, կստեղծվի համաձայնեցնող հանձնաժողով, որի ընդունած նախագիծը նորից քվեարկության կդրվի Կոնգրեսի երկու պալատներում եւ հավանության արժանանալուց հետո կներկայացվի նախագահի վավերացմանը: