Ուկրաինան պետք է մոտ 100 միլիարդ դոլար ստանա եվրոպական երկրներից, որպեսզի օգնության չափը համեմատելի լինի Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվածի հետ։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Fox News-ի հաղորդավարի այն հարցին, թե վերընտրվելու դեպքում ինքը «կդադարեցնի՞ փողի հոսքը դեպի Ուկրաինա», Թրամփը վստահեցրել է, որ կարող է «կարգավորել պատերազմը»։

«Առաջինը, ես կասեի Եվրոպային. «Դուք մոտ 100 միլիարդ դոլար պետք է վճարեք: Եվրոպան ԱՄՆ-ի համեմատ շատ քիչ բան է անում»,- հարցազրույցներից մեկում ասել է նախկին նախագահը։

Քաղաքական գործիչը հավելել է, որ տարածքային առումով Եվրոպան գտնվում է Ուկրաինային ավելի մոտ, իսկ ԱՄՆ-ն «օվկիանոսով բաժանված է» մայրցամաքից։ «Ինչո՞ւ մենք ծախսեցինք 150 միլիարդ դոլար, իսկ նրանք՝ 20 միլիարդ դոլար։ Նրանց տնտեսությունները, երբ գումարվում են միասին, գրեթե նույնն են, ինչ մերը»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ հաստատել էր Ուկրաինային օգնելու համար մոտ 113 մլրդ դոլարի հատկացումը։ Վաշինգտոնն իր օգնության հիմնական մասը տրամադրում է Կիևին Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: